Արաքս



Ծառը միջին աճեցողության է: Բունը խիստ խորդուբորդ կեղևով է, պսակը գնդաձև, տարածված 11-12 մետր տրամագծով, սաղարթախիտ, կեղևը՝ դարչնագույն: Միամյա ճյուղերը կարմրա-դարչնագույն են, միջհանգույցները` միջին երկարության:
Ծաղիկները
խոշոր են, բաժակը գունավորված, բաժակաթերթերը կոնաձև լերկ: Պսակաթերթերը կլորավուն են, սպիտակ, եղունգը՝ վարդագույն: Առէջաթելերը սպիտակ են, վարսանդը՝ թույլ թավոտ է, ուղիղ, առէջներից քիչ բարձր:
Պտուղները
խոշոր են (59x45x43 մմ), միջինը 80 գրամ, առանձին դեպքերում մինչև 150 գրամ քաշով, էլիպսաձև, կողքերից թույլ սեղմված, ձագարը խորն է և լայն, քիչ ծալքավոր կողերով, գագաթը սեղմված, որովայնակարը միջին խորության, պտուղը բաժանում է երկու հավասար մասերի: Պտղամաշկը՝ բարակ է, բայց ամուր, թույլ թավոտությամբ, պտղամսից չանջատվող, ոսկեգույն, արևի կողմում 1/2 մասով կարմրավուն: Պտղամիսը՝ ամուր է, մսեղ, ոսկեգույն, հյութալի, քաղցրաթթվաշ, հաճելի համով, նուրբ բույրով, կորիզից լավ անջատվող, գերազանց որակով: Պտղակոթը՝ բաց կանաչ, պտղին թույլ կպած:
Սորտի առանձնահատկությունները.
շատ բերքատու սորտ է: Սրա լավագույն փոշոտիչներն են Երևանին, Դեղնանուշը, Աբութալիբին: Հասունացումը կատարվում է «Երևանի» սորտից շուրջ 80 օր ուշ, որն առանձնապես բարձրացնում է նրա արժեքը, քանի որ դրանով երկարում է ծիրանի սպառման և վերամշակման սեզոնը: Սա սառնամանիքի նկատմամբ ունի միջակ, իսկ ծակոտկեն բծավորության նկատմամբ մեծ դիմացկունություն: Փոխադրունակ է, պիտանի է թարմ վիճակում գործածելու, մուրաբա, ցուկատ և չիր պատրաստելու համար: Ունի պահպանման համեմատաբար երկար ժամկետ: Լավագույն փոշոտիչներն են Սաթենի, Խոսրովենի սորտերը:



© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager