Համբան



Ծառը
միջին մեծության է, միջակ աճեցողության, պսակը՝ գնդաձև, մինչև 9 մետր տրամագծով: Ճյուղավորությունն ուժեղ է, միջակ երկարությամբ, կեղևը՝ գորշ-դարչնագույն, ճյուղերը՝ դարչնագույն, միամյա ճյուղերը՝ դեղնականաչ, միջհանգույցները՝ կարճ:
Տերևները
մեծ են (88x80 մմ), լայն կլորավուն, ծայրը միանգամից նեղացող, կարճ և ներքև ծալված գագաթով, տերևաթիթեղը՝ կաշենման, մսալի, թույլ ալիքավոր մակերեսով, հիմքը ուղիղ, վերևի կողմից կանաչ-դեղնավուն, փայլատ, գլխավոր ջիղը՝ թավոտ, եզրերը՝ խոշոր, սուր ատամնավոր, տերևակոթը 3,5 սմ երկարությամբ: Այս սորտը իր բաց գույնի խոշոր և իրար շատ մոտ դասավորված տերևների պատճառով արտաքին տեսքով ցայտուն կերպով տարբերվում է մյուս սորտերից:
Ծաղիկները
միջինից խոշոր են, բաժակը՝ դեղնականաչ, բաժակաթերթերը՝ կոնաձև, պսակաթերթերը կլորավուն են (14x12 մմ), եզրերում ծալծլված, սպիտակ կանաչավուն երանգով, առէջները հիմքում գունավորված են, վարսանդը՝ առէջներից բարձր:
Պտուղները
միջակ մեծության են կամ մեծ (48x46x46 մմ), միջին կշիռը՝ 50 գրամ, առանձին դեպքերում մինչև 75 գրամ, կլորավուն, սրված գագաթով, տափակ հիմքով, ակոսը խոր, երբեմն միջակ խորությամբ, պտղակոթի մոտ ավելի խորը: Մաշկը՝ հաստ, պինդ, պտղամսից չանջատվող, թույլ թավոտ, սպիտակ- դեղնավուն, արևի կողմը 1/3 մասով գեղեցիկ մորեգույն: Պտղամիսը պինդ է, խիստ կրճկային, սպիտակ, թույլ հյութալի, լրիվ հասունացման շրջանում շատ քաղցր է, առանց բուրմունքի, կորիզից վատ անջատվող: Սպիտակ ծիրանի պտուղները պարունակում են մեծ քանակությամբ չոր նյութեր և շաքարներ:

Կորիզը
միջին մեծության է (22x18x11 մմ), միջին կշիռը 2,6 գրամ, որը կազմում է ամբողջ պտղի կշռի շուրջ 5%-ը, լայն ձվաձև, գագաթը՝ ուժեղ սրված, մակերեսը խիստ խորդուբորդ է, դարչնագույն, որովայնակարի վրա միջին կողը ուժեղ դուրս ցցված, թիկնակարը՝ ամբողջովին փակված, միջուկը քաղցր է և լիքը, համեղ, միջին կշիռը՝ 1գրամ, որը կորիզի կշռի շուրջ 38,5%-ն է:
Սորտի առանձնահատկությունները.
շատ բերքատու սորտ է: Սրա լավագույն փոշոտիչներն են Երևանին, Դեղնանուշը, Աբութալիբին: Հասունացումը կատարվում է «Երևանի» սորտից շուրջ 20-25 օր ուշ, որն առանձնապես բարձրացնում է նրա արժեքը, քանի որ դրանով երկարում է ծիրանի սպառման և վերամշակման սեզոնը: Սա սառնամանիքի նկատմամբ ունի միջակ, իսկ բծավոր ծակոտկենության նկատմամբ՝ մեծ դիմացկունություն: Փոխադրունակ է, պիտանի է թարմ վիճակում գործածելու, մուրաբա, ցուկատ և չիր պատրաստելու համար: Գոյություն ունի Համբանի առանձին մանրապտուղ ձևը, որը հիմնականից տարբերվում է միայն պտուղների մեծությամբ, որոնց քաշը հասնում է 25-30 գրամի, ինչը գնահատվում է մուրաբա պատրաստելու համար:


© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager