Խոսրովենի



Ծառերը
միջին մեծությունից խոշոր են, փարթամ, շատ հզոր, 30 տարեկան հասակում հասնում են 6.5 մետր բարձրության, ունեն 7.5 մետր պսակի տրամագիծ և մինչև 1.5 մետր բնի շրջագիծ, գնդաձև, փռված ճյուղերը գորշ դարչնագույն են կամ դարչնագույն, միամյա ճյուղերը՝ միջին հաստության, կարմրավուն, փայլուն, մանր, նոսր դասավորված ոսպնյակներով ծածկված, բողբոջները միջին մեծության, կարճ միջհանգույցներով:
Տերևները
խոշոր են (83x62 մմ), կլորավուն կամ սրտաձև, ծայրը միանգամից նեղացող, դեպի ցած թեքված, հիմքը սեպաձև է, եզրերը կրկնակի խոշոր ատամնավոր, տերևաթիթեղը հաստ է, դեղնավուն-կանաչ, փայլուն, ջղերի անկյունում թավոտ, գլխավոր ջիղը հիմքում կարմրագույն է, տերևակոթը բավական հաստ է, միջին երկարության՝ 35 մմ:
Ծաղիկները
խոշոր են, բաժակը կանաչավուն, բաժակաթերթերը՝ կլորավուն, լերկ, ամբողջ բաժակը գունավորված, ներսի կողմից նարնջագույն, ջղերը կարմիր, պսակաթերթերը կլորավուն կամ սրտաձև (14x15 մմ) սպիտակ, ջղերը կարմիր, առէջները հաստ են, վարսանդը ուղիղ է, առէջներից երկար:
Պտուղները
իջինից փոքր մեծության են (40x36x40 մմ), միջինը՝ 40 գրամ, առանձին դեպքերում մինչև 75 գրամ քաշով, կլորավուն, կողքերից քիչ սեղմված: Ձագարը՝ միջակ խորությամբ և մեծությամբ, մաշկը՝ միջակ հաստությամբ, պինդ, թույլ թավապատ, դեղին-ոսկեգույն, արևի կողմը 1/3 մասով կարմիր, պտղամսից չանջատվող, պտղամիսը՝ դեղին է, հյութալի, մսալի, միջակ ամրության, թթվաշաքաղցր, հաճելի համով, թույլ բույրով, կորիզից անջատվող: Պտղակոթը գորշավուն է, պտղին թույլ կպած:


Կորիզը
միջին մեծության է(22 x 17 x 10 մմ), յուրաքանչյուրը 2.2 գ կշռով, որը կազմում է պտղի քաշի 5.5%-ը: Ձվաձև է, բաց դարչնագույն, մակերեսը խորդուբորդ, պարանոցը քիչ երկար, թիկնակարը հիմքում և ծայրի մասում բաց է, որովայնակարի կողերը լավ արտահայտված, միջուկը քաղցր, կշիռը՝ 0.9գ, որը կորիզի կշռի շուրջ 41 %-ն է:
Սորտի առանձնահատկությունները.
Խոսրովենին երկարակյաց է, ցրտադիմացկուն և ծակոտկեն բծավորությունից քիչ է տուժում: Մեկ ծառը լիակատար բերքատվության շրջանում միջին հաշվով տալիս է 100-120 կգ պտուղ, իսկ առատ բերքի տարիներին առանձին ծառեր տալիս են մինչև 500 կգ պտուղ: Լավագույն փոշոտիչներն են Երևանին, Սաթենին և Կարմրենին: Միջահաս է: Հասունանում է Երևանի սորտից 5-10 օր ուշ: Խոսրովենին համարվում է պահածոների արդյունաբերության (կոմպոտ, մուրաբա), սեղանի և չիր պատրաստելու հիանալի սորտ: Չորացման դեպքում ելանքը հավասար է շուրջ 20%-ի:


© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager