Սաթենի



Ծառը
խոշոր է, 30 տարեկան հասակում ունենում է 7-8 մետր բարձրություն, 8-11 մետր տրամագծով փարթամ, տարածված, կախ ընկած պսակ: Ճյուղերը ճկուն են, բարակ, կախ ընկած, որով Սաթենին խիստ տարբերվում է մյուս սորտերից: Բնի կեղևը գորշավուն-դարչնագույն է: Ճյուղավորությունը միջակ է, միամյա ճյուղերը բարակ, աղեղնաձև, հիմնականում մուգ կանաչ, արևի կողմում շագանակագույ, դեղնավուն ոսպնյակներով ծածկված, միջհանգույցները՝ երկար:
Տերևները
միջակ մեծության են (79x73 մմ), կլորավուն կամ սրտաձև, ծայրը քիչ երկար: Տերևաթիթեղը բարակ է, փայլուն, մուգ կանաչ, եզրերը մանր ատամնավոր, գլխավոր ջիղը այն բաժանում է երկու անհամաչափ կեսերի, որոնք խիստ դեպի վեր են ծալված, այն ծառին թառամածի տեսք է տալիս, որով հեշտությամբ տարբերվում է այլ սորտերից ու հեշտությամբ ճանաչվում: Ջղերը գունավորված են թե երեսի և թե տակի կողմից, ջղերի անկյուններում (տակի կողմից) թավապատ, տերևակոթը բարակ է, բաց կանաչ, 36 մմ երկարության:
Ծաղիկները
միջինից խոշոր մեծության են, բաժակը՝ շագանակագույն, բաժակաթերթերը՝ կոնաձև, պսակաթերթերը՝ կլորավուն, սպիտակ, եզրերում քիչ ծալծլված, առէջաթելերը՝ բաց վարդագույն, վարսանդը թույլ թավոտ, թեքված, առէջներից բարձր:
Պտուղները
միջին մեծության են (35x34x32 մմ), միջին կշիռը 30 գրամ, անկանոն կլորավուն, կողքերից սեղմված, թիկունքի կողմը ուղիղ է, որովայնը՝ դուրս ընկած, գագաթը սեղմված, տափակ, ձագարը` փոքր, կանոնավոր: Պտղակարը հիմքում խորացող է, մաշկը բարակ է, բայց ամուր, թույլ թավապատ, փայլուն, պտղամսից չանջատվող, հիմնականում դեղին, 2/3 մասով մորեգույն, պտղամիսը դեղին, պինդ, կրճկային, շատ քաղցր, սպեցիֆիկ համով, թույլ բույրով, կորիզից անջատվող:


Կորիզը
համեմատաբար խոշոր է (23x19x12մմ) միջինը՝ 1.8 գրամ, որը կազմում է պտղի քաշի շուրջ 6%-ը, կլորավուն, մուգ դարչնագույն, որովայնի բոլոր կողերը լավ արտահայտված, թիկնակարը՝ հիմքում կամ ծայրի մասում բացված, միջուկը քաղցր, լիքը, 0.8 գրամ կշռով, որը կորիզի կշռի շուրջ 44 %-ն է:
Սորտի առանձնահատկություններն են
ցրտադիմացկունությունը, երկարակեցությունը և բերքատվությունը, որը միջինից բարձր է: Լավագույն փոշոտիչներն են Երևանի և Խոսրովենի սորտերը: Միջահաս սորտ է, հասունանում է Երևանի սորտից 3-5 օր ուշ: Կարմիր Սաթենին իր պտուղների որակով տեղական սորտերի մեջ համարվում է լավագույններից մեկը: Սա շատ լավ է թարմ վիճակում գործածելու համար, սրանից կարելի է պատրաստել շատ բարձրորակ չիր:


© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager