Երևանի (Շալախ)



Ծառը փարթամ է, բարձրությունը հասնում է 8-9 մետրի: Բունը խիստ խորդուբորդ կեղևով է, պսակը՝ գնդաձև, տարածված 11-12 մետի տրամագծով, սաղարթախիտ, կեղևը՝ դարչնագույն: Միամյա ճյուղերը կարմրա-դարչնագույն են, միջհանգույցները` միջին երկարության:

Տերևները խոշոր են (90x79մմ), լայն ձվաձև, ծայրը միանգամից նեղացող, ձգված դեպի ներքև ու երկար, հիմքը` կլորավուն կամ սեպաձև է, թիթեղը` միջակ հաստությամբ, կաշենման, երեսի կողմից մուգ կանաչ, փայլուն, միջին ջիղը հիմքում կարմրավուն է, եզրերը` խոշոր կրկնակի սուր ատամնավոր, տերևակոթը գունավորված է և ունի 40 մմ երկարություն:

Ծաղիկները խոշոր են, բաժակաթերթերը՝ կոնաձև, երբեմն կլորավուն, լերկ, բաժակն ամբողջովին գունավորված է: Պսակաթերթերը կլորացած են սպիտակ, եղունգը՝ վարդագույն. ջղերը սպիտակ:
Պտուղները միջակ մեծության կամ խոշոր (50x44x42մմ) են, միջինը՝ 65 գրամ, ամենախոշորները՝ մինչև 100 գրամ քաշով, էլիպսաձև կամ ձվաձև, կողքերից թույլ սեղմված, պտղակոթի մոտ փոքրիկ պարանոցով ձագարը խորն է և լայն, անկանոն, թեթևակի ծալքավոր կողերով, գագաթը՝ սեղմված է: Պտուղներն աչքի են ընկնում շաքարի և չոր նյութերի բավականին բարձր պարունակությամբ: Որովայնակարը՝ միջակ խորության, որը հիմքում բավականին խորանում է: Պտղակոթը կանաչ է, երբեմն գունավորված, թույլ թավոտ, շատ կարճ, պտղին թույլ կպած: Պտղի մաշկը բարակ է, բայց բավականին ամուր, միջակ թավոտությամբ, պտղամսից չանջատվող, դեղին-ոսկեգույն, արևի կողմը չի գունավորվում: Պտղամիսը՝ կորիզից անջատվող, խիտ, մսեղ, ոսկեգույն, հյութալի, քաղցրաթթվաշ, շատ դուրեկան համով, նուրբ բույրով:



Կորիզը
միջին մեծության է (30x19x11 մմ), միջինը՝ 2.2 գրամ քաշով, որը կազմում է պտղի քաշի 2,5-3,0%-ը, անհամաչափ, երկարացած, նշտարաձև պարանոցով: Մակերեսը հարթ է և ունի սորտը բնորոշող մակերեսային ճաքեր ու հազվադեպ թեթևակի խորդուբորդություն: Որովայնակարի կողերը սուր են, լավ արտահայտված, միջին կողը առանձնապես ուժեղ ցցված, թիկնակարը բաց է միայն հիմքի մոտ: Գույնը (թարմ կորիզինը) բաց դարչնագույն է: Միջուկը քաղցր է, խոռոչում լրիվ լցված, 0.6 գ կշռով, որը կազմում է կորիզի կշռի շուրջ 30%-ը:

Սորտի առանձնահատկությունները. Ծառը երկարակյաց է և շատ բերրի: Առաջին բերքը տալիս է 3-4-րդ տարում և ապա կանոնավոր կերպով պտղաբերում է: 10 տարեկան հասակից սկսած բավականին բերք է տալիս, մեկ ծառի բերքատվությունը հասնում է 80-100 կգ, իսկ 20-30 տարեկան ծառերինը` 150-200կգ: Պատահում են առանձին ծառեր, որոնք տալիս են մինչև 1000 կգ բերք: Երևանու բերքատվությունը պահպանվում է երկար ժամանակ, լավ են պտղաբերում նույնիսկ 60-70 տարեկան ծառերը: Վաղամիջահաս սորտ է, պտուղները հասնում են սովորաբար հունիսի 25-ից մինչև հուլիսի 15-ը: Զանգվածային հասունացումը տեղի է ունենում հուլիսի 5-ին մոտ: Լավագույն փոշոտիչներն են Սաթենին, Կարմրենին, Աբութալիբին և Խոսրովենին:
Ծիրանի տեղական սորտերի մեջ Երևանին ցրտադիմացկուններից մեկն է: Բծավոր ծակոտկենությամբ համեմատաբար թույլ է վնասվում: Երևանին իր պտուղների որակով լավագույնն է, թե թարմ վիճակում գործածելու և թե վերամշակման համար:


© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager