Երևանի վաղահաս



Ծառը
շատ խոշոր է, 30 տարեկան հասակում բարձրությունը հասնում է 7.0 մետրի, պսակի տրամագիծը 8 մետր է և բնի շրջագիծը՝ 150 սմ, ճյուղավորությունը ուժեղ: Միամյա ճյուղերը հաստ են, կարմրա-դարչնագույն, խիտ սպիտակ գույնի ոսպնյակներով ծածկված, բողբոջները կոնաձև, մուգ շագանակագույն, միջհանգույցները` կարճ:
Տերևները
խոշոր են (95x86մմ), կլորավուն, ծայրը միանգամից նեղացող, դեպի ցած թեքված, հիմքը կլորավուն, թիթեղը` հաստ, մուգ կանաչ, փայլուն, գլխավոր ջիղը հիմքում կարմիր է, եզրերը` խոշոր կրկնակի սուրատամնավոր, տերևակոթը՝ հիմքում կանաչ, վերևի մասում գունավորված է, 42 մմ երկարությամբ:
Ծաղիկները
խոշոր են, բաժակը՝ գունավորված, բաժակաթերթերը կոնաձև լերկ: Պսակաթերթերը կլորավուն են, սպիտակ, եղունգը վարդագույն: Առէջաթելերը սպիտակ են, վարսանդը՝ թույլ թավոտ, ուղիղ, առէջներից քիչ բարձր:
Պտուղները
խոշոր են (53x45x43 մմ), միջինը՝ 70 գրամ, առանձին դեպքերում մինչև 150 գրամ քաշով, էլիպսաձև, կողքերից թույլ սեղմված, ձագարը խորն է և լայն, քիչ ծալքավոր կողերով, գագաթը՝ սեղմված, որովայնակարը՝ միջին խորության, պտուղը բաժանում է երկու հավասար մասերի: Պտղամաշկը բարակ է, բայց ամուր, թույլ թավոտությամբ, պտղամսից չանջատվող, ոսկեգույն, արևի կողմում 1/2 մասով կարմրավուն: Պտղամիսը ամուր է, մսեղ, ոսկեգույն, հյութալի, քաղցրաթթվաշ, հաճելի համով, նուրբ բույրով, կորիզից լավ անջատվող, գերազանց որակով: Պտղակոթը՝ բաց կանաչ, պտղին թույլ կպած: Կորիզը միջին մեծության է (29x18x10 մմ), միջինը 2.2 գրամ քաշով, որը կազմում է պտղի կշռի շուրջ 3.1%-ը, բաց դարչնագույն է, պարանոցը երկարացած, ծայրը սուր, որովայնակարի կողերը լավ արտահայտված, թիկնակարը հիմքում բացված: Միջուկը քաղցր է, հաճախ չմշկված, 0.6 գ կշռով, որը կազմում է կորիզի կշռի շուրջ 27.3%-ը:
Սորտի առանձնահատկությունները.
Ցրտադիմացկուն են, երկարակյաց, ծակոտկեն բծավորության նկատմամբ դիմացկունությունը բարձր է: Լավագույն փոշոտիչներն են Սաթենին, Արագածին, Օշականին և Խոսրովենին: Պտուղները Արարատյան դաշտի պայմաններում հասունանում են հունիսի 20-ից հուլիսի 5-ը: Այս սորտի պտուղները որակով լավագույնն են, թե թարմ վիճակում գործածելու և բարձր որակի կոմպոտ և հյութ պատրաստելու համար:


© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager